Մեր մասին

Հայ Օգնության Միություն

Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնի ստեղծումը հայ հնագույն բարեսիրական կազմակերպություններից մեկի` Հայ Օգնության Միության կողմից Հայաստանում իրականացված գեղեցիկ նախաձեռնություններից է: Իր շուրջ մեկդարյա բարեգործական ու հայանպաստ առաքելության բոլոր հանգրվաններում հետամուտ լինելով հայ մշակութային-կրթական արժեքների, ազգային ավանդույթների պահպանմանը, Հ.Օ.Մ.-ն էլ ավելի ընդարձակեց իր հայաստանյան ծրագրերի շրջածիրը 1991 թվականին Մայր հայրենիքի անկախությունից հետո` սկիզբ դնելով մեկը մյուսից կարևոր ձեռնարկների, այդ թվում Աղետի գոտում և Արցախում:

Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնը, որը բացվեց 1997 թվականի մայիսին, բարեգործական, շահույթ չհետապնդող առողջապահական հիմնարկություն է և անվճար բուժական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի բնակչությանը: Անցած 5 տարիներին Կենտրոնի մասնագիտական բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմը սպասարկել է ավելի քան 40 000 հիվանդների` շրջանում արմատապես բարելավելով մայրության խնամքի, հղիության բնականոն ընթացքի ապահովման, հետծննդաբերական շրջանի վտանգների ու բարդությունների և մանկական մահացության նվազեցման, մայրերի ու նորածին մանուկների առողջությանն առնչվող այլ հարցերը:

Հ.Օ.Մ.-ի մշտական հոգածության շնորհիվ, Կենտրոնը կահավորված է բուժական նորագույն սարքավորումներով, ապահովված է շուրջօրյա ավտոնոմ ջեռուցման ու էներգասնուցման համակարգով, ունի մանկաբուժական, գինեկոլոգիական, սոնոգրաֆիկ, մամոգրաֆիկ և առաջին օգնության կաբինետներ, ժամանակակից լաբորատորիա և դեղատուն, որտեղ կանոնավորապես ստացվում են արտասահմանյան լավագույն դեղամիջոցները:

Հ.Օ.Մ.-ի այս դուստրը` Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնը, մշտապես արդիականացնում է իր գործունեությունը` ձեռնամուխ լինելով աղետի գոտում և մասնավորապես Ախուրյանի շրջանում հայ մայրերի ու մանուկների առողջության ու խնամքի բարելավմանն ուղղված նորանոր ծրագրերի:

error: Content is protected !!
031270940 (25)
rfyhrt