Ինչպես պատրաստվել ծննդաբերությանը
- Ծննդաբերությանը պետք է պատրաստվել՝ նախ և առաջ ընտրելով այն ծննդատունը, որտեղ կինը գնալու է ծննդաբերության: Շատ ցանկալի է, երբ կինը նախապես ընտրում է նաև բժշկին, ում մոտ ծննդաբերելու է և լիովին վստահում է նրան: Եթե կինն ունի ընտրած բժիշկ և հիվանդանոց, ապա իր պատկերացմամբ ծննդաբերությունը սկսելուն պես, պետք է կապ հաստատի բժշկի հետ և գնա ծննդատուն:
Ինչպե՞ս հասկանալ, որ ծննդաբերությունը սկսվում է
- Առաջնածին կինը մի փոքր ցավի դեպքում խուճապի է մատնվում՝ կարծելով, թե ծննդաբերական ցավերն արդեն սկսվել են, սակայն գոյություն ունեն նախածննդյան ցավեր, որոնք պարզապես հուշում են, որ ծննդաբերությունն արդեն մոտ է: Ծննդաբերության գործընթացի մեջ կինը մտնում է այն ժամանակ, երբ ունի կանոնավոր ցավեր, որոնք որոշակի ժամանակահատվածում կանոնավոր կրկնվում են, ժամանակի ընթացքում դառնում են առավել ինտենսիվ և երկարատև, իսկ ցավերի միջև ընկած ժամանակահատվածը գնալով փոքրանում է: Սա նշանակում է, որ ռեգյուլար ծննդաբերական գործունեությունն արդեն սկսվել է:
Արտակարգ դեպքերից է ջրերի վաղաժամ արտահոսքը, երբ կինը դեռևս ցավ չունի, չի մտածում, որ ծննդաբերության գործընթացի մեջ է, սակայն նկատում է պտղաջրերի արտահոսք: Այս դեպքում անհրաժեշտ է անմիջապես գնալ ծննդատուն: Շատ վտանգավոր է, երբ ծննդալուծման ժամանակն արդեն մոտ է, և կինն արյունային արտադրություն է ունենում: Այս դեպքում նույնպես պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ ուշացումը կարող է լուրջ հետևանք ունենալ:
Ի՞նչ է անհրաժեշտ տանել ծննդատուն
Ծննդատուն գնալուն կինը պետք է պատրաստ լինի, որպեսզի ցավերի մեջ չմտածի իրերը դասավորելու մասին և խուճապի մատնվի:
Ծննդատուն գնալու համար մի քանի պայուսակ է անհրաժեշտ: Առաջին հերթին պետք է հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիրը, փոխանակման քարտը, ամուսնության վկայականը): Պայուսակում պետք է դասավորվեն կնոջ անձնական հիգիենայի պարագանեը, որոնք ծննդաբերության ժամանակ անհրաժեշտ են: Դրանք են.
- տակդիրներ,
- գիշերազգեստ,
- հարմար հողաթափեր,
- հագուստ, որի մեջ կինն իրեն ազատ կզգա և ծննդալուծման ժամանակ շարժումները չի սահմանափակի,
- երեխային կերակրելու համար հատուկ կրծկալ,
- տակաշոր
- տաք գուլպաներ և այլ:
Իրեր, որոնք անհրաժեշտ են ծննդաբերությունից հետո
- անձնական հիգիենայի պարագաներ մայրիկի և փոքրիկի համար,
- անկողին,
- երեխայի տակդիրներ,
- սպիտակեղեն,
- մայրիկի և փոքրիկի համար հագուստ՝ ըստ սեզոնի
- ծածկոց
- հագուստ դուրս գրման օրվա համար և այլն:
Ի՞նչ փուլերից է բաղկացած ծննդալուծման գործընթացը
Երբ կինն ընդունվում է ծնարան, նշանակում է, որ արդեն ծննդաբեության գործընթացի մեջ է: Առաջին փուլը կարող է մի քանի ժամ տևել: Այս ընթացքում արգանդի պարանոցը բացվում է, ստեղծվում է հնարավորություն, որպեսզի երեխան դուրս գա: Սա կծկանքների ընթացքն է: Կինն ազատ է իր շարժումների մեջ, որևէ սահմանափակում չկա: Կծկանքների ուժգնությունը, ցավը քիչ-քիչ են ավելանոււմ, և եթե կինը խուճապի չմատնվի և «լսի» իր օրգանիզմին, ապա ժամանակի ընթացքում կսկսի հասկանալ՝ ինչպես անի, որ ցավը մեղմ լինի, որ դիրքն է ավելի հարմար: Եթե ծննդկանը տիրապետում է շնչառական տեխնիկաներին, ապա ցավն ավելի հեշտ է տանում:
Այս ընթացքի համար մի շատ կարևոր փաստ էլ եմ ուզում նշել. կան կանայք, որոնք ցանկանում են, որ ամուսինը կամ մայրիկը ծննդաբերության ժամանակ ներկա լինեն: Այս հարցն անպայման պետք է նախապես բժշկի հետ քննարկել, քանի որ որքան էլ որ լավ է, երբ հայրիկը ներկա է լինում, այնուամենայնիվ, պետք է հստակ հասկանալ՝ արդյոք հայրիկը պատրաստ է դրան, արդյոք իր ներկայությամբ ավելի չի խանգարելու, քանի որ ամեն տղամարդ չէ, որ ծննդաբերության ընթացքը հեշտ է տանում: Նախապես պետք է նրա հետ աշխատել, մանրամասնորեն բացատրել ծննդաբերության ընթացքի մասին:
Երբ ջրերն արդեն արտահոսում են, և երեխան պատրաստ է դուրս գալու, շատ կարևոր է, որ կինը լսի, թե բժիշկն ինչ է ասում: Այս փուլում է, որ կինը պետք է փորձի ուժով երեխային արգանդից դուրս մղել: Պատահում է՝ կինը ցավին չդիմանալով, խուճապի է մատնվում, չի լսում բժշկին և պատռվածքներ է ունենում:
Բալիկը երբ ծնվում է, հետագա անելիքների մասին բոլորը մոռանում են, սակայն բժիշկների համար ամենակարևոր փուլը հենց սա է, քանի որ արյունահոսությունը և այլ վտանգները հենց այս ժամանակ կարող են լինել: Եթե կինն ունի պատռվածքներ, որոնք պետք է կարել, ապա ցանկալի է ցավազրկել, որովհետև նախածննդյան ցավն այլ կերպ են տանում՝ սպասում են երեխայի լույս աշխարհ գալուն, իսկ այս դեպքում զգացողություններն այլ են:
Կեսարյան հատումով ծննդաբերություն
Դեպքեր կան, որ բնական ծննդաբերական ուղիներով ծննդաբերությունն անհնար է և կեսարյան հատման հստակ ցուցումներ կան: Այս դեպքում կինը ծննդաբերությունն իրականացնող բժշկի հետ նախապես օր ու ժամ է պայմանավորվում է և գնում ծննդատուն: Պատահում է, որ անհապաղ կեսարյան հատում է պահանջվում. այսինքն՝ կինը գալիս է ծննդաբերելու բնական ճանապարհով, սակայն ինչ-որ խնդիրներ են առաջանում և շտապ կեսարյան հատում է անհրաժեշտ լինում: Կեսարյան հատումն ինքնին վիրահատություն է, որն ունի նախավիրահատական փուլ, երբ կինը տարբեր հետազոտություններ է անցնում, և կա հետվիրահատական շրջան՝ իր բարդություններով: Ի տարբերություն բնական ճանապարհով ծննդաբերության, կեսարյան հատումից հետո մայրիկի վերականգնումը համեմատաբար ավելի տևական ու դժվար է լինում, որից, սակայն պետք չէ վախենալ: